Հոլ(Ֆռռիկ)

                                                                   
Հայկական խաղերի մեջ իր յուրահատուկ տեղն ունի Հոլը կամ ինչպես անվանում են գյումրեցիները ֆռռիկը: Այս խաղը Գյումրիում ամենատարածված ու ամենահավես խաղերից մեկն է, որը խաղացվում է մինչև օրս: Ֆռռիկ անունը կապված է հոլի պտտվելու հատկության հետ, գյումրիի բարբառով պտպտվել նշանակում է ֆռռալ, քանի որ հոլը պտտվում է, այն անվանում են ֆռռիկ, այստեղից էլ բառի ծագումը:

Մասնակիցների թիվն անսահմանափակ է: Ֆռռիկ խաղալու համար պետք է հաստ թել` ղայտան, փետից պատրաստված երկաթե քթով հոլ և այլն: Ղայտանից պատրաստվում է հանգույց, որը անցվում է մատին, իսկ պարանը փաթաթվում է հոլի վրա:

Խաղացողը առաջ է պահում ձեռքը, ղայտանը բացվում է, ու ֆռռիկը սկսում է պտտվել գետնի վրա: Մինչև այդ գետնի վրա փոքրիկ փոս է փորվում ու դրանից մի քանի մետր հեռավորության վրա դրվում է կոճ՝ այսինքն հոլ առանց երկաթե մասի` ծայրի:

Ու դրանից հետո տեղի է ունենում խաղի ամենահավես պահը վիճակահանությունը, որով էլ որոշվում է խաղացողների մասնակցության հերթականությունը: Խաղի իմաստը այն է, որ, հերթով պտտեցնելով հոլը, այն պտտելու ընթացքում ձեռքի մեջ վերցնեն ու խփեն կոճին՝ այնպես առաջ տանելով այն, որ փոսի մեջ ընկնի:

Լուսանկարը՝ blognews.am


Ամեն անգամ, երբ կոճը հայտնվում է փոսում, այն մասնակցողին միավոր է բերում: Մինչև խաղի վերջը խաղացողները պայմանավորվում են նախնական միավորներ հավաքել:

Հաղթում է նա, ով հավաքում է առավելագույն ու պայմանավորված միավորները: Մրցանակը, որպես կանոն, հակառակորդի հոլն է: Բայց ամեն թաղ կամ բակ ուներ իր, սեփական խաղի կանոնները: Փորձառու վարպետները կարողանում էին հոլը պտտեցնել ամենատարբեր ձևերով ու հնարքներով՝ ուժեղ նետում վերևից, պարանի ձգում դեպի հետ, հոլը քցումը դեպի օդ և այլն, ու հենց այս հնարքներն են գեղեցկացնում խաղը:

Հոլեր սարքում էին տարբեր ձևի ու տարբեր նյութերից, իսկ պատրաստողները ճշմարիտ վարպետներն էին, որոնց ամեն թաղում անունով գիտեին:

Այս խաղը լայն տարածում ունի Գյումրիում, այն խաղացել են դեռ Ալեքսանդրապոլյան ժամանակաշրջանից: Այս խաղը խաղում են ջահելից մինչև տարեց:

Պարբերաբար Գյումրիում կազմակերպվում ու անցկացվում է ֆռռիկի առաջնություն, որտեղ հին ու վարպետացած խաղացողները ցույց են տալի իրենց հնարքները, ինչից հետո էլ այն սովորեցնում են երիտասարդներին ու անփորձներին:

Սեփական կարծիք

Ես ինքս հոլ խաղացել եմ ու խաղում եմ մինչև օրս: Իմ ընկերների հետ կազմակերպում ենք հոլի մրցումներ, առաջնություններ, ու ունենք հոլի վաճառքի կետ, որը կոչվում է` Իմ Ֆռռիկը: Շատ եմ ցանկանում, որպեսզի իմ ու ինձանից հետոյի սերունդները խաղան ու տարածեն այս հիասքանչ խաղը: Իմ կարծիքով այս խաղը 1000 անգամ ավելի հավես է ու հետաքրքիր է քան համակարգչային ամեն խաղ: 

                                                                                         ՀեղինակՀարություն Պապիկյան


Комментарии

Популярные сообщения